211652_close_icon
views-count32552 դիտում article-date 14:41 09-02-2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին ներկայացրեց հանրապետությունում կատարված ու բացահայտված աղմկահարույց մի քանի դեպքերի մասին ամփոփ տեղեկատվություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը ՀՀ գլխավոր դատախազության համար 24-ժամյա առաջնահերթություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազը նշեց, որ կոռուպցիոն հանցագործություններն ի տարբերություն սպանությունների և այլ հանցատեսակների ամբողջ աշխարհում բարձր լատենտայնություն ունեն և այդտեղ շատ կարևոր է քրեական հետապնդող մարմինների աշխատանքը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «2016 թվականի ընթացքում կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության 71 դեպք է արձանագրվել, 2017 թվականին արձանագրվել է նման 163 դեպք: Եթե ներկայացնեմ վերջին տասը տարվա ցուցանիշը, ապա ասեմ, որ 2007-ին կաշառք տալու, ստանալու և միջնորդելու ընդամենը 7 դեպք է գրանցվել: Եթե համեմատվենք ԱՊՀ երկրների հետ, ապա Ադրբեջանում 2017-ին նան 19 դեպք է արձանագրվել: Այս տվյալները խոսում են քրեական հետապնդող մարմինների հետևողական աշխատանքի մասին»: Անդրադառնալով առաջադրված մեղադրանքներին և մեղադրվողների շրջանակին` գլխավոր դատախազն ասաց, որ 2017-ին մեղադրանք է առաջադրվել 43 պաշտոնատար անձի, 2016-ին այդ թիվը եղել է 26: Ինչ վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքին, Ա.Դավթյանն ասաց.«Պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերը, եթե 2017-ին եղել են 56-ը, ապա 2016-ին եղել է ուղիղ դրա կեսը: Կաշառքի գործով դատապարտված պաշտոնյաների վերաբերյալ Դատախազությունը հրապարակումներ արել է»: Համակարգային կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ գլխավոր դատախազն ասաց, որ այդ տվյալները ևս հրապարակվել են և մասնավորեցրեց.«Համակարգային կոռուպցիոն դրսևորում էր Սոցապնախարարության բժշկական սոցիալական հանձնաժողովի բացահայտումը, քրեակատարողական հիմնարկներից մեկում բացահայտումը և, իհարկե, չեմ կարող չնշել «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի բնապահպանական պետական տեսչության գործունեության բացահայտումը, ինչի հետևանքով մեղադրանք է առաջադրվել 13 անձի»: Ա. Դավթյանի խոսքով՝ նշված վիճակագրությունը վկայում է, որ այս համատեսակի դեմ պայքարը դատախազության համար 24-ժամյա առաջնահերթություն է.«Սա մեզ մշտապես հետաքրքրում է և դրանցով միշտ գնալու ենք մինչև վերջ: Ինձ համար կարևոր է, որ գլխավոր դատախազի խոսքն ունենա կանխարգելիչ նշանակություն, եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ համապատասխան քրեական մարմինների ներգործությունը»: ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վստահեցնում է, որ «Ալավերդցի Վահագնի» գործով Լոռու մարզի քննչական վարչությունում 1 պաշտոնատար անձի կալանավորման, եւս մեկի ձերբակալության գործով իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: Ա.Դավթյանը նախ հիշեցրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր գործը վերահսկող դատախազին, սակայն վերջինս այն չէր հաստատել՝ տեսնելով խնդիրներ գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ եւ ուղարկելով լրացուցիչ նախաքննության: «Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է եւ այս բացահայտումներն ունեցանք: Պաշտոնատար անձանց կողմից հնարավոր հանցավոր մասնակցությանը պարզելու համար հարուցված է քրեական գործ, այս պահին ունենք մեկ մեղադրյալ եւ եսւ մեկը ձերբակալված է, վստահեցնում եմ՝ իրականացվելու է բազմածավալ քննություն հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար, ցանկացած անձ, ով դրանում համապատասխան մասնակցություն է ունեցել»,- ասաց գլխավոր դատախազը: Լրագրողների դիտարկմանը, թե կալանքի տակ գտնվող պաշտոնատար անձը բարեկամական կապեր ունի ՀՔԾ-ի պաշտոնյաներից մեկի հետ, Ա. Դավթյանը նշեց, «Վստահեցնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում անկախ բարեկամական կապից իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր