211652_close_icon
views-count2847 դիտում article-date 11:42 09-02-2018

Համընկնո՞ւմ է տվյալ հրապարակումը զանգվածների կրքերի հետ, թե՞ չի համընկնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս շատ հետաքրքիր զրույց ունեցա Հայաստանի և Վրաստանի տեղեկատվական դաշտի փորձագետների հետ, որոնք արձանագրեցին բավականին տխուր իրողություն: Ժամանակակից մարդկանց տեղեկատվություն (և, հետևաբար, լրագրություն) պետք չէ: Նրանք ցանկանում են կարդալ կարծիքներ, ընդ որում՝ ոչ թե բոլոր կարծիքները, այլ միայն այնպիսի կարծիքներ, որոնք համընկնում են իրենց սեփական մտավոր կաղապարների հետ, և այդպիսով բավականություն, հաճույք, երբեմն նաև՝ հրճվանք են ապրում: Բերեմ ամենաթարմ օրինակը: Ամերիկացի բիզնեսմեն Իլոն Մասքը տիեզերք է ուղարկել «Falcon Heavy» գերծանր հրթիռը՝ իր արտադրած «Տեսլա» էլեկտրամոբիլով, որն այնուհետև դուրս է եկել բաց տիեզերք և մի քանի դիրքից «լուսանկարվել է»: Գեղեցիկ, ֆանտաստիկ, ինչ-որ տեղ նաև խելահեղ և, անշուշտ, իր բնույթով գովազդային նախաձեռնություն է: Պարզ է, որ Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների մեջ այդ ծրագրի իրականացումը խանդ և նախանձ է առաջացրել, որովհետև ժամանակին Խորհրդային Միությունը հավասարը հավասարի պես մրցում էր Միացյալ Նահանգների հետ տիեզերքի բնագավառում, իսկ ժամանակակից Ռուսաստանը անհուսորեն հետ է ընկել ամերիկացիներից: Եվ ահա ինչ-որ բլոգեր գրում է, որ, իր կարծիքով, Մասքը ոչ մի հրթիռ էլ չի ուղարկել, ամեն ինչ բեմադրված է ու սարքած է համակարգչի միջոցով: Կարծիք է, որը, ինչպես ասում են, գոյության իրավունք ունի: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ այս կարծիքը հավանեցին, տարածեցին և մեկնաբանեցին, որովհետև այդ կարծիքը ռեզոնանսի մեջ է մտել իրենց «հայրենասիրական» զգացմունքների հետ: Մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում, որ հիշյալ բլոգերը ոչ մի փաստ, ոչ մի նկար և ոչ մի տեսագրություն չի բերել իր կարծիքը հիմնավորելու համար: Այսինքն՝ կարևոր չէ, թե որքանով է լուրջ կամ հեղինակավոր տվյալ աղբյուրը, արդյոք համադրվե՞լ են մի քանի աղբյուրներ, արդյոք բերվե՞լ են փաստեր: Կարևոր է միայն մի բան՝ համընկնո՞ւմ է տվյալ հրապարակումը զանգվածների կրքերի հետ, թե՞ չի համընկնում: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան մարդիկ, որոնք ատելությամբ են լցված ՌԴ «հավերժ նախագահ» Վլադիմիր Պուտինի հանդեպ: Երբ նրանց հրամցնում ես ռուսական ինչ-որ չորրորդական կայքից կամ բլոգից բացասական կարծիք Պուտինի մասին, այդ մարդիկ հրճվում են երեխայի պես և տարածում են այդ կարծիքը՝ «տեսա՞ք, այդ վատ մարդու մասին ինչ ասացին»: Դե, Հայաստանի իշխանությունների մասին էլ չեմ ասում: Բավարար է նշել որևէ իշխանավորի անուն և կողքը դնել որևէ բացասական կամ, ցանկալի է, հայհոյական մակդիր, և հրապարակման հաջողությունն ապահովված է: Ընդ որում, այդ հրճվանքն ապրում են ինչպես շարքային օգտատերերը, այնպես էլ գիտական կոչումներ և բարձր ինտելեկտ ունեցողները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր