211652_close_icon
views-count3726 դիտում article-date 15:03 08-02-2018

Չօգտագործվող գույքը հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց. վարչապետ

Կառավարության նիստում այսօր վարչապետը բարձրացրել է պետական անշարժ գույքի մի մասի ոչ լիարժեք օգտագործվելու խնդիրը: «Պետական գույքի կառավարման վարչության կողմից գույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի։ Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- նշել է կառավարության ղեկավարը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1- ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր