Անընդունելի է, որ Ներման մասին օրենքի նախագծում ամրագրված է, որ պետք է անպայման լինի դատապարտյալի խնդրագիրը, որ նրան ներում շնորհվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում, «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
«Ասենք, կա դատապարտյալ և ողջ հանրապետությունն ուզում է, որ նա ազատ արձակվի, բայց ինքը խնդրագիր չի գրում: Հասարակությունը կարո՞ղ է դիմել ու նրան ազատ արձակեն: «Մարտի 1-ի» գործով տղաների մեծ մասը կարող էր ազատ արձակվել նույն վայրկյանին, եթե խնդրագիր գրեր, բայց ոչ մեկը պատրաստ չէր նման խնդրագիր գրելու»,-ասաց նա:
Ի պատասխան, օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ եթե դատապարտյալը ներման խնդրագիր չի գրում, այդ դեպքում գործում են այլ ինստիտուտներ՝ պայմանական վաղակետ ազատման իստիտուտը, դատական մեխանիզմները:. «Ներման ինստիտուտը գործում է, եթե կա խնդրագիր»:
Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց նաև, թե եթե վարչապետը բացասական եզրակացությամբ է ՀՀ նախագահին ներկայացնում ներման խնդրագիրը, նախագահը իրավունք ունի՞ և կարո՞ղ է ներում շնորհել դատապարտյալին: Քրմոյանը պարզաբանեց, որ եթե նախագահը նման դեպքում՝ ուզում է ներում շնորհել դատապարտյալին, ապա նախ պետք է առաջարկը իր հիմնավորումներով վերադարձնի վարչապետին, որպեսզի վարչապետը դրական եզրակացությամբ առաջարկ ներկայացնի. «Պետք է որոշումը ձևավորվի այս երկու ինստիտուտների միջեւ»:
Զուրաբյանն էլ առարկեց՝ նշելով. «Կարծում եմ, եթե ՀՀ նախագահը ներում է շնորհել ու վարչապեը դրա հետ համաձայն չէ, հենց վարչապետը պետք է դիմի ՍԴ, որովհետեւ պետության գլուխը երկրի նախագահն է»:
Եթե վարչապետը բացասական եզրակացությամբ է առաջարկ ներկայացրել, նախագահը չի կարող ներում շնորհել դատապարտյալին
2018.02.08 12:14


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
