211652_close_icon
views-count1450 դիտում article-date 20:17 07-02-2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալ ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները: «Վերջին տարիներին մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրել Երևանը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու հարցում: Ծրագրային մոտեցման արդյունքում մեզ հաջողվել է այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ իրականացնել: Ակնհայտ է, որ հարմարավետ քաղաք ունենալու համար պետք է լինի հստակ կանոնակարգված մոտեցում ինչպես կառուցապատողների և ներդրողների, այնպես էլ քաղաքային իշխանության համար: Ըստ այդմ, լիահույս եմ, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, օգտագործելով ձեր բազմամյա միջազգային փորձը, կկարողանանք գտնել ավելի արդյունավետ լուծումներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ընդգծել է, որ իրենց ընկերությունը ևս շահագրգիռ է փոխգործակցություն հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ ու գործունեություն ծավալել Երևանում: «Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ ենք Ձեզ՝ համագործակցության պատրաստակամության համար: Հարմարավետ քաղաք ունենալու և միջավայր ձևավորելու հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են և հուսով եմ, որ Ձեր թիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, մենք կկարողանանք առաջարկել Երևանի քաղաքային միջավայրի պլանավորման այնպիսի լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ արդեն հասցրել ենք հիանալ Ձեր քաղաքի գեղեցկությամբ ու կարող եմ վստահ ասել, որ Երևանն իսկապես շատ գրավիչ քաղաք է և ունի շատ լավ կառուցվածք, ինչն անչափ կարևոր է լավ հիմքի վրա աշխատանք սկսելու համար», - նշել է Հենրիեթ Վամբերգը: Հանդիպման շրջանակում դանիացի մասնագետները Երևանի քաղաքապետին ներկայացրել են նաև ընկերության գործունեությունը՝ նշելով, որ Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքներն իրականացվել է հենց «Գեհլ Արքիթեքտս» ընկերության կողմից: Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որից հետո համատեղ մշակել աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր