211652_close_icon
views-count3455 դիտում article-date 16:37 07-02-2018

ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ստորագրվեց «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև: Արարողությանը ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԱԻ նախարարության անունից հուշագիրը ստորագրեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անունից՝ Ավետիս Առաքելյանը, իսկ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի անունից՝ Խաչատուր Մելիքսեթյանը: Հաշվի առնելով, որ բնական և մարդածին աղետները Հայաստանում կյանքի բաղկացուցիչ մասն են, և ընդգծելով, որ երկրի տնտեսության վրա աղետների ազդեցության հետևանքների վերացման ծախսերը հաճախ ավելին են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը՝ կողմերը սույն հուշագրով համաձայնում են համագործակցել գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների փոխանակման ձևաչափով: Կողմերը պարտավորություն են ստանձնում նաև ստեղծել և մշտապես արդիականացնել տվյալների հենքերը՝ կապված վտանգների գնահատման և դրանց ռիսկերի նվազեցման հետ, արդիականացնել մշտադիտարկման ցանցերը, աղետների դեպքում օպերատիվ ռեժիմով փոխանակել անհրաժեշտ տվյալները, առանձնակի ուշադրություն դարձնել աղետների ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակմանը և այլն: Ողջունելով ներկաներին և կողմերի նախաձեռնությունը՝ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդգծեց երկրի ողջ ներուժի միավորման կարևորությունն այս ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով գիտատեխնիկական, գիտահետազոտական, գիտակրթական, ինչպես նաև՝ գործնական աշխատանքների դերը: Որպես ուժերի համադրման և միասնական գործունեության փայլուն օրինակ՝ նախարար Դ. Տոնոյանը նշեց վերջերս Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի գոտում տարվող միասնական աշխատանքները: - Ես շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը, և հատկանշական է, որ հուշագրի բոլոր պարբերություններում նշվում է «համատեղ» բառը: Կարծում եմ, որ մեր գիտական ներուժն ամբողջությամբ հնարավորություն է տալիս մեզ համադրել մեր ջանքերը՝ Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և նվազեցման համար: Նախարարը կարևորեց նաև այս գործում միջազգային կազմակերպությունների աջակցության հարցը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում առավել վտանգավոր սողանքային գոտիներում կատարված ռիսկի գնահատման աշխատանքները, դրա վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և առաջնային իրականացվելիք հրատապ գործողությունները: Միջոցառման օրակարգում էր նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ գումարվելիք համաժողովի կազմակերպչական հարցերի քննարկումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր