211652_close_icon
views-count3268 դիտում article-date 13:13 06-02-2018

Երևանում մեկնարկած հաջողված ծրագրերը կտեղայնացվեն մարզերում. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցակցրել է խորհրդակցություն ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու, իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու և այդ ուղղությամբ անելիքները նախանշելու, ինչպես նաև հանձնարարականներ տալու նպատակով: Մասնավորապես՝ մարզային կենտրոնների ղեկավարներին ներկայացվել են այն բոլոր փոփոխությունները, որոնք արդեն իրականացվում են մայրաքաղաքում և առաջիկայում մեկնարկելու են նաև հանրապետության մարզերում՝ հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրում, սպանդանոցային մորթի անցում և մսի վաճառքի կետերի (նաև՝ սպանդանոցային կետերի) պայմանների բարելավում, սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրում, լաբորատոր կարողությունների զարգացում, մոնիթորինգային ծրագրերի իրականացում: Նշելով, որ այս ուղղություններով աշխատանքները շարունակվելու են նաև 2018 թվականին, Ծառայության պետը հստակեցրել է,- «Ակնկալում եմ, որ վերահսկողության այն սկզբունքը, որ մենք որդեգրել էինք 2017-ին, կպահպանվի նաև այս տարի, այն է՝ նախ խորհրդատվություն, շտկումների համար ժամանակի տրամադրում և հետո միայն վարչական պատասխանատվության միջոցների կիրառում»: Իշխան Կարապետյանը մարզային կենտրոնների ուշադրությունը հրավիրել է հատկապես այն հանգամանքի վրա, որ, համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրման պահանջն այս տարի արդեն դառնում է պարտադիր նաև մարզերի համար: Նա հանձնարարել է առավելագույն ջանքեր ներդնել այս ծրագիրը նաև մարզերում հաջողությամբ իրականացնելու համար. ևս մեկ անգամ հաշվառել հաց տեղափոխող փոխադրամիջոցները, հստակեցնել դրանց մասին տեղեկատվությունը, իրականացնել իրազեկման աշխատանքներ տնտեսվարողների շրջանում: Նա անդրադարձել է նաև սպանդանոցային մորթի անցման համար հիմքերն այսօր ապահովելու անհրաժեշտությանը, ինչը նշանակում է իրազեկման ու խրհրդատվական ամենօրյա աշխատանքներ միս արտադրող և վաճառող տնտեսվարողների շրջանում՝ բացառելու համար ոչ պատշաճ պայմաններում և հատկապես մարզերի ճանապարհամերձ տարածքներում բացօթյա մսի իրացումը: Հիշեցնենք, որ, ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Անասնաբուժության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների ընդունմամբ ներդրված պարտադիր պահանջի համաձայն, շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք, որի մակնշման մեջ պարտադիր պահանջ է սպանդանոցի վերաբերյալ տեղեկատվության ներառումը (սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ): Մարզային կենտրոնների պետերին է ներկայացվել նաև սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի հաջող իրականացման համար անհրաժեշտ են բոլորի ներգրավվածությունն ու ջանքերը. տարվա ընթացքում սպանդանոցային ծագման մսի պահանջը պարտադիր կդառնա ողջ հանրապետությունում, իսկ դրան զուգահեռ բոլոր մարզերում կսկսեն գործել անհրաժեշտ թվով սպանդանոցներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզերում ծառայությունների մատուցման ընթացակարգերի պարզեցման ու թվայնացման անհրաժեշտությունը: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր