211652_close_icon
views-count3268 դիտում article-date 19:31 05-02-2018

Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ.դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ.դրամ: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ (2016-ի համեմատ ավելի՝ 5,5 տոկոսով), որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ, պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 166 366.8 հազ. դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 385 տոկոսով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ, աճը՝ 852 տոկոս: Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 2 մլրդ 46 մլն 278 հազ. դրամ, ինչը 2016-ի դիմաց ավելի է 165,9 տոկոսով: ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 390 մլն դրամ` աճը 175 տոկոս: Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ.դրամ գումար: Արման Սահակյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս, իսկ արժեքայինը՝ 110: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ, պետական գույյքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա: Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է 8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի 5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել 16 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Միաժամանակ, Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է 47 պետական գույք և ներկայացրել բարձր արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացացը: Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն, Ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»:

Նմանատիպ նյութեր