211652_close_icon
views-count6637 դիտում article-date 17:12 05-02-2018

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ Մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից: 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլ բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաև հնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչև հինգ խորհրդական: [b]Ստորև ներկայացված են Արտակ Բեգլարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրականները.[/b] Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում և քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով և ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ: Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնագիտությամբ տնտեսագետ և Հարավային Կովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Հիմնադրամի գործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով: [b]Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b] 05.02.2018թ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր