211652_close_icon
views-count19458 դիտում article-date 21:18 02-02-2018

Երևանում 2017-ին կտրուկ նվազել են ծանր հանցագործությունները, ավելացել ավազակության դեպքերը. դատախազություն

Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները: Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը, վերլուծել առանձին ուղղություններով քրեական հետապնդման մարմինների գործունեության մեջ նկատված թերացումները: 2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ. 69.6%-ի դիմաց կազմելով 79%: Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%: Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց: 48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով: Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը: 43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը: 37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց: Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում: Երևան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ: Որոշ բացասական միտումներ կան դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց: Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաև ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24), սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց: Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մայրաքաղաքի հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել, հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ չպլանավորումն ու չհամակարգումը: Նշվել է նաև, որ 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 (2016թ.՝ 38), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 99 (2016թ.՝ 36) դեպք: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գոհացուցիչ չի համարել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների տարածքային կառույցների գործադրած ջանքերը և նշել է, որ այս ուղղությամբ արձանագրված ցուցանիշները հետայսու դիտարկվելու են որպես իրավապահ այդ կառույցների արդյունավետության գնահատման պարտադիր և առանցքային բաղադրիչ: Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կալանավորման պրակտիկային: 2017թ. ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերով դատարան ներկայացվել է մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր 66 միջնորդություն: Դրանցից ամբողջությամբ բավարարվել է 55-ը: Սս կրկնակի քիչ է 2016թ. համեմատ, որի ընթացքում ներկայացել է այդպիսի 131 միջնորդություն: Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ցանկացած պարագայում նախքան խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն ներկայացնելը, անհրաժեշտ է կատարել քննություն՝ դրա համար բավարար հիմքեր ձեռք բերելու հարցը լուծելու համար, որպեսզի մեղադրյալի վարքագծի կանխատեսելիությունը, ազատության մեջ գտնվելու պայմաններում նրա կողմից նախաքննությունից խուսափելու կամ նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը բավարար հիմնավորված լինի: Իսկ նման հիմքերի բացակայության դեպքում պետք է բացառել նման միջնորդություններով հանդես գալը: ՀՀ գլխավոր դատախազը նաև առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաքում հատկապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը: Դրական գնահատելով մայրաքաղաքում նման հանցագործությունների նշանակալի նվազման փաստը, գլխավոր դատախազը, հատկապես բերելով սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքի օրինակը, անընդունելի է համարել հանցավոր խմբավորումների գոյությունն ու ազատ տեղաշարժերը, հրազենի կիրառմամբ, շատերի կյանքին սպառնացող եղանակով սպանության կամ սպանության փորձերի կատարումը, որոնք կարող են սխալ հանրային ընկալումներ ձևավորել քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության վերաբերյալ: Արթուր Դավթյանը պահանջել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման շրջանակներում կոնկրետ դեպքի հանգամանքներից բացի քննության առարկա դարձնել դրան նախորդած հնարավոր միջադեպերի, փոխհարաբերությունների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի պարզումը: Բավարար տվյալների առկայության դեպքում, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, պարտադիր պետք է իրավական գնահատական տալ դեռևս այդ փուլում իրավապահ մարմինների կողմից հնարավոր դրսևորված անգործությանը կամ բացթողումներին: Արթուր Դավթյանը նաև շեշտել է մայրաքաղաքի ժամանցի վայրերի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: Այդ օբյեկտներում աձանագրվող խուլիգանության ցանկացած դեպքով անհապաղ պետք է հարուցել քրեական գործեր, իրականացնել բազմակողմանի քննություն, պարզել հանցագործության կատարման պայմաններն ու պատճառները: Իսկ դրանց գործունեությունն ապահովող համապատասխան իրավական-նորմատիվ ակտերի ուսումնասիրմամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում պետք է պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնել, որպեսզի առնվազն քննարկման առարկա դարձվի դրանց գործունեությունը դադարեցնելու հարցը: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը տվել է նաև այլ հանձնարարականներ: [b] ՀՀ գլխավոր դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր