211652_close_icon
views-count3653 դիտում article-date 21:05 02-02-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ փետրվարի 2-ին, ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա): Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների հարաբերությունները ջերմ ու բարեկամական են՝ անկախ երկրների հեռավորությունից: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան եւ Արցախ կատարած այցելությաններին՝ կարեւորելով փոխադարձ այցերի նշանակությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը: «Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է, եւ մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի եւ հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն: Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է Մեքսիկայում առաջիկա խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված իրադրությունը՝ վստահություն հայտնելով, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանում եւս կձեւավորվի ու արդյունավետ գործունեություն կծավալի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խումբը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը: Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու երկու երկրների միջեւ առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր