«Այս տարի մեր ունեցած ցուցանիշներով քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է։ Կարծում եմ, մարդիկ ավելի գրագետ են դարձել և ուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Անդրադառնալով հիվանդության տարածվածությանը՝ նա տեղեկացրել է, որ ԱՀԿ տվյալներով՝ քաղցկեղն աշխարհում մահացության թվով երկրորդ տեղում է։ 2015 թվականին8 մլն 800 հազար մարդ մահացել է քաղցկեղից։ Մանագետը նկատեց, որ առաջադեմ երկրներում մահացության տոկոսը համեմատաբար ցածր է։
«2017 թվականին մեր կենտրոնում հետազոտվել է 45 հազար 810 այցելու, նրանց համար կատարվել է 55 հազար 920 հետազոտություն, իսկ կոնկրետ կրծքագեղձի հետազոտություն անցել է 22 հազար 823 հոգի։ 20 հազար 231 կին անցել է մամոգրաֆիայի սքրինինգ և նրանցից 800-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Տղամարդկանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 122-ից 5-ի մոտ»,- տեղեկացրեց Խաչանուշ Հակոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանում սկսել է նվազել հիվանդների թիվը: Դեռ 10 տարի առաջ Հայաստանում ամեն 15-րդ կինը հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով, իսկ այսօր՝ ամեն 26-րդը։ Նա հույս հայտնեց, որ գնալով դեպքերն ավելի կպակասեն։
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
