211652_close_icon
views-count4610 դիտում article-date 15:03 02-02-2018

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի, տեղեկացնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։ «Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը։ Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան հայրը տեղեկացրել է, որ թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։ «Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,-ասել Եզրաս սրբազանը։ Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշել է, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ Եկեղեցին պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության պահպանման գործում։ Դեսպանը խոսել է նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։ Հանդիպմանը ներկա են եղել Մոսկվայում ծառայող հոգեւորականներ, Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գերոգի Սերոբյանը։

Նմանատիպ նյութեր