211652_close_icon
views-count3884 դիտում article-date 11:17 02-02-2018

Եթե չլինեն տեսախցիկներ, ապա նախարարները բանավիճելու են, անկեղծ են լինելու, քննադատելու են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ճիշտն ասած, ինձ` որպես լրագրողի, կառավարության նիստի դռնբաց լինելն առանձնապես նյութ չի տալիս: «Տրվեցին այսինչ հանձնարարականները», «հաստատվեցին այսինչ նախագծերը»՝ ձանձրալի օֆիցիոզ է: Այդ բոլոր տեղեկությունները ես կարող եմ իմանալ նաև պաշտոնական հաղորդագրություններից: Որքան գիտեմ, երբևէ չի եղել, որ որևէ նախարար ասի՝ ես չեմ կատարելու այս հանձնարարականը, կամ՝ կառավարությունն իր ընդհանրության մեջ չհաստատի որևէ նախագիծ: Որովհետև ամեն ինչ նախօրոք տրված է, ներկայացված է և հաստատված: Հազարից մեկ, հատկապես ներկայիս վարչապետի օրոք, առաջանում են որոշ սուր պահեր, որոնց մասին հետաքրքիր է պատմել ընթերցողին կամ հեռուստադիտողին: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ բավականին տաղտկալի է: «Մեռելատուն»` ինչպես նման գործընթացները շատ դիպուկ բնութագրում է գործընկերներիցս մեկը: Ազգային ժողովի հետ չես համեմատի՝ այնտեղ ավելի հաճախ են բոցկլտում կրքերը: Չնայած ինձ որ մնար, ես Ազգային ժողովն էլ այդքան չէի լուսաբանի, որքան մենք` լրագրողներս ենք հիմա լուսաբանում: Երբ խաղի արդյունքը նախօրոք հայտնի է, կարելի է գնահատել խաղացողների «տեխնիկական վարպետությունը», բայց ի վերջո պարզ է, թե ով է «գոլ խփելու», և ով է «հաղթանակ տոնելու»: Այսպիսով, կառավարության նիստերի դռնբաց լինելն առանձնապես ոչինչ չի տալիս՝ պարզ է, որ որոշումներն ընդունում են ուրիշ տեղ և նիստից առաջ: Բայց երբ հանկարծ որոշում են դրանք դռնփակ անել և բերում են տարօրինակ հիմնավորումներ, թե իբր առաջադեմ երկրներում այդպես է, բնականաբար, մեջդ կասկածներ են առաջանում: Իսկ ինչո՞ւ երեկ, այսօր և մինչև ապրիլի 9-ը այդ «առաջադեմ» փորձը չէր կիրառվում: Ինչո՞ւ են վախենում օտար աչքերից: Եթե խոսքը պետական գաղտնիքների մասին է, ապա հիմա էլ գոյություն ունեն «զեկուցվող» և «չզեկուցվող» հարցեր: Ասում են՝ «եթե չլինեն տեսախցիկներ, մենք բանավիճելու ենք, անկեղծ ենք լինելու, գործընկերների գաղափարների նկատմամբ ավելի քննադատաբար ենք արտահայտվելու»: Հաշվի առնելով Հայաստանի «վերնախավի» բարքերը` ինձ թույլ կտամ դրանում կասկածելու: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ ինչպես «շեֆը» որոշի, այդպես էլ կլինի: Այդպես է ոչ միայն կառավարությունում: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԲՀԿ-ում ինչ-որ մեկը բանավիճի Գագիկ Ծառուկյանի հետ: Կամ ՀԱԿ-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այնպես որ, ենթադրում եմ՝ կան կառավարության նիստերը դռնփակ անելու ինչ-որ լուրջ պատճառներ: Որոնց մասին, բնականաբար, չի խոսվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր