211652_close_icon
views-count3751 դիտում article-date 10:52 01-02-2018

Արմեն Սարգսյանի բարի մտադրությունների գոյությանը ոչ ոք, կարծես թե, չի կասկածում. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. ««Այո, կիրթ է, օժտված է բարձր ինտելեկտով, բազմաթիվ բնագավառներում խորը գիտելիքներ ունի, անկեղծ է, բայց…»: Այսպես է սկսվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին վերջին օրերին տրվող գնահատականների մեծ մասը: Ամենահետաքրքիրը, սակայն, սկսվում է «բայց»-ից հետո: Բայց նա գիտի՞ հայաստանյան իրականությունը, նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել, նա կկարողանա՞, եթե պետք լինի, հակադրվել մեր գելուգազանին: Կկարողանա՞, ի վերջո, մի բան փոխել: Նախ՝ փոխելու մասին: Հայաստանում տարածված մոլորություն կա, որ ինչ-որ մեկը կարող է գալ և ամեն մեկիս կյանքը փոխել, դարձնել բարեկեցիկ և երջանիկ: Սակայն այդպիսի «բարի կախարդներ» գոյություն չունեն: Նույն անիմաստ հարցը («նա կկարողանա՞ մի բան անել») ինձ տալիս էին նաև մեկուկես տարի առաջ, երբ վարչապետ էր նշանակվել Կարեն Կարապետյանը: Չեմ կարծում, որ նրա կառավարությունը ոչ մի լավ բան չի արել. իհարկե, կարող էր անել ավելին: Բայց երբ մարդը հարցնում է՝ նա մի բան կանի՞, նկատի ունի կյանքի ինչ-որ ֆանտաստիկ, հեքիաթային վերափոխում, երբ այդ հարցը տվողը կսկսի ապրել մոտավորապես Սամվել Ալեքսանյանի կամ Գագիկ Ծառուկյանի նման, որովհետև «այդպես արդար է», իսկ մնացածը… դե, մնացածն իրենք գիտեն: Նման հրաշք ոչ մի վարչապետ չի կարող գործել: Բայց երբ հիմա Արմեն Սարգսյանի մասին հարցնում են նաև՝ «նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել», գուցե ենթագիտակցաբար նկատի ունեն հետևյալ՝ իրականում գոյություն ունեցող այլընտրանքը. կա՛մ դու խաղում ես Հայաստանի «վերնախավում» գոյություն ունեցող չգրված կանոններով և այդ դեպքում դառնում ես «նրանցից մեկը», կա՛մ էլ հրաժարվում ես խաղալ այդ կանոններով, և այդ դեպքում մեծ է վտանգը մարգինալ դառնալու կամ առնվազն մեկուսանալու: Իհարկե, այդ այլընտրանքին կարելի է շատ գեղեցիկ պատասխան տալ՝ «մեզանում պետք է միայն մեկ կանոն լինի՝ Սահմանադրությունը»: Բայց դա զուտ տեսական դատողություն է՝ Հայաստանում (և, կարծում եմ, ոչ միայն Հայաստանում) նախարարի վարորդը երբեմն կարող է ավելի շատ «հարցեր լուծել», քան նախարարը: Իրավասությունների, գործառույթների շրջանակը գծվում է ոչ միայն աշխատանքի պաշտոնական նկարագրությամբ, այլ նաև ուժերի առկա հարաբերակցությամբ: Հետևաբար Արմեն Սարգսյանի առջև կանգնած է դժվարին խնդիր՝ ձեռք բերել լիազորությունների այնպիսի շրջանակ, որպեսզի կարողանա իրականացնել իր բարի մտադրությունները, որոնց գոյությանը ոչ ոք, կարծես թե, չի կասկածում: Իհարկե, այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ պատշաճ տեղեկատվություն: Գուցե նաև ա՞յդ նպատակն ունեն նախագահի թեկնածուի հանդիպումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր