211652_close_icon
views-count1896 դիտում article-date 15:32 30-01-2018

Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրեդլի Բուզետտոյին կատարված աշխատանքի ու երկկողմ գործակցության զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարոն Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաև շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման և բարեկեցության ապահովման համար: Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ հանդիպման արդյունքների մասին: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար պատիվ էր աշխատել Հայաստանում և ներդրում ունենալ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Նա նաև շնորհավորել է վարչապետ Կարապետյանին՝ Դավոս հաջող այց կատարելու և արդյունավետ հանդիպումներ ունենալու կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին: Վարչապետ Կարապետյանը հաջողություն է մաղթել պարոն Բուզետտոյին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և ցանկալի հյուր մեր երկրում:

Նմանատիպ նյութեր