211652_close_icon
views-count4661 դիտում article-date 11:38 29-01-2018

Արժանի պահվածք, սթափության կոչ և խրոխտ պատասխաններ

Հարգելի հայրենակիցներ, շուրջ երկու ամիս առաջ անդրադառնալով Եվրոպական միության հետ համաձայնագրի վավերացման փաստին` ես ուրախությամբ նշել էի, որ մեր երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, և անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերջապես, դրսևորեցին անհրաժեշտ կամք, վճռականություն և արիություն` ստորագրելով Եվրոպական միության հետ երկար սպասված համաձայնագիրը, որի անհրաժեշտության և կարևորության մասին ես իմ ելույթներում խոսել եմ տարիներ շարունակ: Որպես կյանքի մեծ ճանապարհ անցած մարդ և մեր Հայրենիքի անկախության համար իմ համեստ ավանդը ներդրած զինվորական և սպա` չեմ կարող անտարբեր գտնվել և մեծագույն գոհունակությամբ չխոսել նաև ՀՀ Նախագահի հերթական արժանապատիվ և հզոր քայլի մասին, որը նա օրերս արեց Ստրասբուրգում` ԵԽԽՎ բարձր ամբիոնից: Սերժ Սարգսյանն իր ելույթում նախանշեց մեր հետագա վերելքների այն ուղիները, որոնց քայլ առ քայլ, տքնաջան և արժանապատիվ աշխատանքով պետք է հասնի մեր երկիրը, իսկ ելույթից հետո, մանավանդ թուրք և ադրբեջանցի պատվիրակների հարցերի պատասխաններում` նա դրսևորեց արժանի պահվածք` իր խրոխտ, բանիմաց և դիպուկ դիտարկումներով սթափության կոչելով մեր այսպես կոչված մոլորյալ հարևաններին: Ողջունելով ՀՀ նախագահի հմուտ, արժանապատիվ և հզոր քայլերը` ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն նաև մեզ համար անչափ կարևոր առաջիկա ժամանակահատվածում, երբ մեր երկիրը անցում է կատարում կառավարման նոր համակարգին: Ինձ հետ միասին` մեր հազարավոր հայրենակիցները հույս ու հավատով սպասում և ակնկալում են, որ մոտ առաջիկայում Հայաստանում կբացվեն նոր առավոտներ, կգան նոր ժամանակներ և անցյալի գիրկը կանցնեն մեր միասնականությունը ջլատող բազմաթիվ բացասական երևույթները: Վերջում ուզում եմ հավաստիացնել, որ միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը, որը համագործակցում է եվրոպական մի շարք հեղինակավոր կառույցների հետ` պատրաստակամ է իր փորձառությամբ օգնելու, աջակցելու և սատարելու հայրենի իշխանություններին, որպեսզի արժանապատիվ ուղի բռնած մեր երկրում ապրեն նույնքան արժանապատիվ քաղաքացիներ: [b]ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր