211652_close_icon
views-count3806 դիտում article-date 09:52 27-01-2018

Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը. «Ամերիկայի ձայն»

Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4227039.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Անցած քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գիրքը, ներկայացվեց մաքուր էներգիայի արտադրությունն ու սպառումը խթանելու նահանգի փորձը: Ելույթ ունենալով քննարկմանը ներկա արտերկրյա դիվանագետների և բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների առջև՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ընդգծեց, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ գիտակցում են էլեկտրական էներգիայի արժեքը՝ կատակելով. «Պատմականորեն ցավոք սրտի մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան կանաչ երկիր է դարձնում»: Լինելով Հայաստանի հիմնական գործընկերը՝ Միացյալ Նահանգները տնտեսական մի հսկա է, ուստի Հայաստանը փորձում է անհատական գործընկերություն զարգացնել առանձին նահանգների հետ: Կալիֆոռնիա նահանգը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է, ընդգծում է դիվանագետը. «Մենք աշխատում ենք Կալիֆոռնիայի հետ, որովհետև այդ նահանգի տնտեսական հիմնական սեկտորները մոտ են նրան, ինչը մենք զարգացնում ենք Հայաստանում: Դրանից բացի, Կալիֆոռնիայում մենք ունենք հզոր ու ակտիվ հայկական համայնք, որը մեր երկիրը Կալիֆոռնիայի հետ կապում է անթիվ ճանապարհներով»: Ներկայացնելով Կալիֆոռնիայի փորձը՝ «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգը նշում է, որ հաջողության գաղտնիքը հանրային աջակցության ձևավորումն է. «Կալիֆոռնիայում մենք ստացանք հանրային աջակցություն` կապելով մաքուր էներգիայի արտադրությունը հանրային առողջության հետ, քանի որ բոլորն էլ ցանկանում են մաքուր միջավայրում ապրել»: Մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն և էլեկտրականություն խնայող սարքավորումների ներդրում՝ սրանք են մաքուր միջավայրի հիմնասյուները, նշում է Ուիթենբերգ: Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, այնուամենայնիվ ունի մաքուր՝ արեգակնային և քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ: Իսկ Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում:

Նմանատիպ նյութեր