211652_close_icon
views-count3773 դիտում article-date 19:04 25-01-2018

Ապատեղեկատվության և մանիպուլյացիաների կանխարգելման և չեզոքացման հարցը ԵԽԽՎ օրակարգում է

Սոցիալական մեդիայում ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկի մասին «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Հարգելի գործընկերներ, շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները. 1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ գոյություն չունեն: 2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն: Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝ - ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը; - ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով: Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝ - սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները. - համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ»,- տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր