211652_close_icon
views-count33869 դիտում article-date 12:44 23-01-2018

Վե՛րջ տվեք ջայլամությանը. ԵԿՄ-ի արձագանքը՝ «Հրապարակ» թերթի հերթական զառանցանքին

«Հրապարակ» թերթն այսօր «բացահայտել է», որ Ամանորի միջոցառումները զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար կազմակերպելու նպատակով ԵԿՄ տարածքային բաժանմունքները 30-ից 100 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն են ստացել համայնքապետարաններից: Եվ դրա մասին հայտարարում է սոսկումով: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքների բնակիչներին աջակցում են շատ դեպքերում, բազմաբնույթ հարցերում: Դա իրենց պարտականությունն է, որ անտրտունջ իրականացնում են: Երկրապահի բաժանմունքների հետ էլ ՏԻՄ-երը ոչ միայն Ամանորին են գործակցում: Անհասկանալին այստեղ տվյալ թերթի տրամաբանությունն է: Ուրեմն, երբ որեւէ քաղաքապետ օգնում է իր համայնքի բնակիչ, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, պախարակելի է: Իսկ որ թերթը այս ու այնտեղից «փող է կպցնում», կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվելով՝ պատվերներ է կատարում, դա իրենց համար նորմալ է: Նորմալ է եւ այն, երբ թերթը մեկին ասում է՝ ինձ ֆինանսավորի՝ քո դեմ չգրի, երբ ասում է, թե մի քիչ ավել ֆինանսավորես՝ կարող ես ուրիշների դեմ պատվերներ էլ տալ մեզ: Բայց հո հանրությունն ամեն ինչ հասկանում է: Հանրությունը հասկանում է, որ չքմեղացած դեմքով երբեմն-երբեմն ժողովրդավարությունից, ազատ խոսքի կարեւորությունից բարբաջող խմբագրապետը հենց ազատ խոսքի դեմ արշավանքի առաջամարտիկներից է, հենց իրականությունը նենգափոխող գործիք է: Չի՛ կարելի կարծիքի ազատության գաղափարի տակ թաքնվելով՝ քիլլերություն անել: Վե՛րջ տվեք ջայլամությանը. Գլուխներդ թաղել եք ավազի մեջ, կարծում եք՝ ձեզ ոչ ոք չի նկատում: Մարդիկ լավ էլ հասկանում են, թե ինչ կեղտոտ գործիքի հետ գործ ունեն: [b]ԵԿՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ [/b]

Նմանատիպ նյութեր