211652_close_icon
views-count5927 դիտում article-date 08:58 20-01-2018

Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Բոբ Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4215961.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգևատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: 1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», - հայտարարել էր Բոբ Դոլը: «Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք հայրենիքի շահերը դասեցիք սեփական շահերից վեր»,- նշեց Մայք Փենսը: Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչև Սենատի մարմարե դահլիճներ. «Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի»: Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլին կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կիլիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել: Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» և իր աշխատակազմի բոլոր հայազգի անդամներին հատուկ ուշադրության արժանացնում. Իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին, հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը: Սենատորի պաշտոնին Բոբ Դոլը կարևորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնադրման մեջ, նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարևորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»: Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից էր, սակայն, նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն օգնեց հիմնել և ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր