211652_close_icon
views-count2904 դիտում article-date 18:07 17-01-2018

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա

Անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի և Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմել է 62,5 միլիոն դոլար։ Այս մասին հունվարի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ կան արդյոք իրատեսական ծրագրեր Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու կառուցման շուրջ, ինչպես նաև Հայաստանը պատրաստվում է օգտվել Իրանից հանրապետությանը գազով ապահովելու հարցում և ինչ սակագնով։ Վարչապետի գնահատականով՝ իրանական շուկան և բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ ապրանքաշրջանառությունը չափազանց փոքր է: «Վերջին տարիներին առևտրի աճի առումով ունեցել ենք ամենացածր տեմպերը՝ 9-10 տոկոս»,-բացատրել է Կ.Կարապետյանը` մատնանշելով չօգտագործված մեծ ներուժը: Խոսելով երկաթգծի կառուցման մասին՝ վարչապետը ընդգծել է, որ դա կախված է ինչպես ֆինանսական հոսքերից, այնպես էլ ապրանքաշրջանառությունից, որը հնարավոր կլինի իրականացնել: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին չպետք է ինքնանպատակ լինի: Անդրադառնալով գազամուղին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ նման ծավալների ենթակառուցվածքը կառուցում են ոչ թե այնպիսի փոքր պետությունները, ինչպիսին օրինակ Հայաստանն է, այլ նրանք, որոնք պատրաստվում են գազ մատակարարել:

Նմանատիպ նյութեր