211652_close_icon
views-count52859 դիտում article-date 19:28 16-01-2018

Շամիրամում 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Թելման Քալաշյանը և նրա հորեղբայրը կալանավորված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 4 անձ, ևս 7 անձ ստացել տարբեր մարմնական վնասվածքներ: Առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, շարժառիթը։ Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով, 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինս, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ ստանալու հարցում: 2017 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Թելման Քալաշյանը Հերթական անգամ գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին: Արձակված [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073810/]կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է[/url], ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Թ.Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է նրա հորեղբայրը, ով դեպքի ժամանակ գտնվել է սգո սրահում: Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Թելման Քալաշյանը, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, անհիմն մեղադրել է երեք անձի՝ իրեն ծեծի ենթարկելու մեջ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր