211652_close_icon
views-count8218 դիտում article-date 10:48 16-01-2018

Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. «Ամերիկայի ձայն»

Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային մակարդակով ժողովրդավարության անկման 12-րդ տարին: Անկում է նկատվում ինչպես զարգացող, այդպես էլ՝ զարգացած ժողովրդավար երկրներում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4209034.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում է Freedom House-ի Եվրասիական ծրագրերի ղեկավարը. «Մենք անկում ենք գրանցում ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այդպես էլ օրինակ Եվրասիայի տարածաշրջանում»: Համաշխարհային մակարդակով վատագույն իրավիճակն է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիտրեայում և Հյուսիսային Կորեայում: Վերջին տասնամյակում խոշորագույն անկումը ժողովրդավարության զարգացման առումով գրանցել է Թուրքիան, որը 34 միավոր է կորցրել՝ մասնակի ազատից դառնալով անազատ: Բացասական վարկանիշով առաջատարներն են նաև հարևան Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ գրանցվել են մարդու իրավունքների խոշորագույն խախտումներ, լրագրողների սպանություններ, մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ: Freedom House-ի մասնագետի խոսքով, անազատ երկրներում իշխանությունները փորձում են սեփական ժողովրդի մեջ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանել. «Նման ցինիկ մոտեցումը թուլացնում է ամբողջ ժողովրդավարական գործընթացը, այդ թվում և ընտրությունները: Ավելին՝ մարդիկ սկսում են չհավատալ, որ որևէ դրական բան հնարավոր է։ Նրանք դառնում են ցինիկ և հրաժարվում մասնակցել դեմոկրատական գործընթացներին»: Հայաստանի հիմնական թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները, որոնք, իրավապաշտպանների կարծիքով, պատեհ չեն ժողովրդավար ուղին բռնած երկրին: Հայաստանի առավելություններից է ամուր և կենսունակ քաղաքացիական հասարակությունը. «Հայաստանն ունի հզոր քաղաքացիական հասարակություն և մեծ ներուժ՝ մարդու իրավունքները հասարակական մակարդակով պաշտպանելու համար՝ Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ում համար այս խնդիրները կարևոր են, և դա է Հայաստանի լուրջ առավելությունը»: Իր զեկույցում Freedom House-ը դիմում է նաև Ամերիկայի և Եվրոպայի զարգացած ժողովրդավար երկրներին՝ կոչ անելով ակտիվորեն զբաղվել ժողովրդավարության տարածմամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ ոչ միայն սեփական երկրներում այլև՝ աշխարհով մեկ:

Նմանատիպ նյութեր