211652_close_icon
views-count10419 դիտում article-date 09:17 16-01-2018

Մասնագիտական որակների բացակայությո՞ւն, թե՞ սեփական շահերի հետապնդում. Էջմիածնի քաղաքապետարանի արձագանքը՝ օրաթերթի տարածած ապատեղեկատվությանը

Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի տվյալ լրատվամիջոցի լրագրողը նույնիսկ նեղություն չի կրել ճշտելու տեղեկատվության իսկությունը, ինչպես նաեւ չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն` երկու կողմերին լսելու եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը: «Ժամանակ» օրաթերթի 12.01.2018 թվականի 4 (3482) համարում հրապարակված տեղեկատվությունը, որին լրատվական կայքերը հղում են կատարել եւ վերցրել են որպես հիմք, ակնհայտ ստահոդ եւ չճշտված տեղեկատվություն է, որն արատավորում է Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի բարի համբավը: Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրում ենք, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, համապատասխան աղբյուրներից ճշտված, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը: [b]Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին [/b]

Նմանատիպ նյութեր