211652_close_icon
views-count6627 դիտում article-date 18:42 14-01-2018

Հրամանատարասերժանտական քննություններ ԵԿՄ-ում

ԵԿՄ վարչությունում անցկացված պատանի երկրապահների 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ հրամանատարասերժանտական քննություններին մասնակցում էին 100-ից ավել դպրոցականներ Հանրապետության 5 մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք և Երևան: Իսկ հեռավոր մարզերի պատանի երկրապահ կամավորականների համար քննությունները կանցկացվեն տեղում՝ դարձյալ ԵԿՄ վարչության անդամների և Երկրապահի հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններ): Պատանի երկրապահ կամավորականները քննություններ հանձնեցին շարային, կրակային, ֆիզիկական պատրաստությունից: Ստուգվեցին նաև դասընթացների ժամանակ յուրացված գիտելիքներն առաջին բուժօգնությունից, ինչպես նաև ֆորսմաժորային իրավիճակներում երեխաների կողմնորոշվելու կարողություններն ու հմտությունները: «Այս անգամ ստուգող անձնակազմի ուշադրության կենտրոնում էր հատկապես մասնակիցներին սերժանտ-հրամանատարի դերում տեսնելը: Արդյո՞ք կարողանում են պատանիներն ու աղջիկները հրամանատարասերժանտական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները որպես հրամանատարներ դրսևորել»,- ասաց ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ մայոր Ա.Հախումյանցը: Հատկանշական է, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնող այս կառույցում մեծ թիվ են կազմում աղջիկները, որոնք թե՛ շարային, թե՛ կրակային և թե՛ ֆիզիկական պատրաստության ստուգատեսներում չեն զիջում տղաներին՝ հավաստելով, որ իրենք նույնպես պատրաստ են ծառայելու հայրենիքին՝ հնարավորության դեպքում:

Նմանատիպ նյութեր