211652_close_icon
views-count4615 դիտում article-date 11:08 12-01-2018

Հայաստանում արտաքին ներդրումներ չանելու 3 պատճառները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում արտասահմանյան ներդրումներ չեն արվում բավարար ծավալով, և դրա պատճառները տարբեր են: Առաջինի մասին շատ է խոսվում` մեր պաշտոնյաների կոռումպացված լինելը, բիզնեսների մեջ խցկվելը, արտասահմանյան ներդրողների առջև արհեստական խոչընդոտներ ստեղծելը: Պատճառների այս խումբն իսկապես հիմնականն է, և եթե փորձենք որոշել դրա տեսակարար կշիռը, ապա այն «կզբաղեցնի» 50 տոկոսը: Երկրորդ պատճառը նույնպես էական է և, ցավոք, մեզնից առանձնապես կախված չէ. եթե այս կամ այն ընկերությունը գործնական կապեր ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ապա այդ երկրների իշխանությունները, որպես կանոն, պայման են դնում տվյալ ընկերության առաջ. «Կա՛մ մենք, կա՛մ հայերը»: Ոչ մի լուրջ բիզնեսմեն, եթե նույնիսկ մեծ համակրանք ունի հայերի հանդեպ, չի փորձի փչացնել իր հարաբերությունները ավելի մեծ և հեռանկարային շուկա ունեցող երկրների հետ. գործնական շահն ավելի կարևոր է, քան համակրանքն ու հակակրանքը: Այս պատճառը, կարծում եմ, «կքաշի» 30 տոկոս: Բայց կա երրորդ պատճառը (20%), որն ամբողջությամբ կախված է մեզնից, ավելի ճիշտ` արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից: Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու` գրեթե հավասար մասի. կեսը նախկին հայաստանցիներն են, որոնք այստեղից գնացել են վերջին 25 տարում, և նրանց մեծ մասը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Գնացածների այդ հատվածի համար որքան վատ լինի իրենց նախկին հայրենիքի վիճակը, այնքան ավելի լավ կզգան` իրենց գնալն արդարացված կլինի: Երկրորդ կեսը «դասական» սփյուռքն է, մարդիկ, որոնք Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ են և որոշակի ազդեցություն ունեն իրենց երկրներում, ի վերջո, նրանք նաև ընտրազանգված են: Դե հիմա պատկերացրեք, որ գալիս է ընտրությունների ժամանակը, և այդ երկրների քաղաքական գործիչներն ու կուսակցությունները խնդիր ունեն հաճոյանալու ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին: Ի՞նչ խնդիրներ են դնում մեր հայրենակիցներն այդ գործիչների և կուսակցությունների առաջ: Այդ խնդիրները գրեթե բացառապես կապված են 1915թ. իրադարձությունների, Ցեղասպանության ճանաչման հետ: Եվ եթե հանկարծ այդ երկրների նախագահները, պառլամենտները, նահանգները կամ քաղաքները ինչ-որ՝ թեկուզ ձևական հայտարարություն են անում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սփյուռքահայ կազմակերպությունները ցնծում են, համարում են դա կարևոր նվաճում: Պառլամենտներն ու նախագահները «էժան են պրծնում»` հայերի ականջի համար հաճելի բառեր արտասանելով: Եթե սփյուռքը խնդիրներ դնի, որոնք կապված են Հայաստան պետության, նրա տնտեսության, ժողովրդավարության, օրենքի իշխանության հետ, դա ավելի բարդ գործ կլինի, բայց շատ ավելի կարևոր և էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Տարբեր երկրների հայ համայնքները սովորաբար ընկալվում են որպես միայն անցյալով ապրող մարդկանց խմբեր»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր