211652_close_icon
views-count6397 դիտում article-date 10:49 10-01-2018

Գիշերները բացասական ջերմաստիճանը թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, և պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երևույթ դիտվել է Երևանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որ ընդհանուր առմամբ անոմալ եղանակ է, Հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, այսինքն բազմամյա միջինի համեմատ օդի ջերմաստիճանը բարձր է: Բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կարող ենք գնահատական տալ, որ սա վնաս կպատճառի գյուղատնտեսությանը: Հիմա, քանի որ գիշերները լինում է բացասական ջերմաստիճան, դա թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի: Ես անձամբ այս պահին գտնվում եմ Տավուշի մարզում: Այսինքն՝ այն մարզում, որն ամենացածրադիր վայրերից մեկն է և ամենատաքը: Ո՛չ բողբոջած ծառ ունենք, ո՛չ թուփ: Գուցե այնպիսի մի տեղ, որը հարավային կողմում է, արևի անմիջական ճառագայթների տակ, գտնվում է տաք մի վայրում, թեկուզ Երևան քաղաքում, չի բացառվում բնության մեջ նման երևույթ լինի: Բայց որ դա զանգվածային բնույթ կրի և գյուղատնտեսությանը վնաս պատճառվի, նման խնդիր այս պահին չկա»: Նախարարի տեղակալի խոսքով, իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի և գրանցվի -5-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել: «Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչև -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչև -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով, եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»,- շարունակեց Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի նվազում: «Ինձ թվում է՝ բնությունը կկարգավորի, սառը հոսանքներ կգան»,- լավատեսորեն եզրափակեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր