211652_close_icon
views-count4251 դիտում article-date 10:38 10-01-2018

Մենք կեղտաջուր ենք խմում. Մեծ Մանթաշի բնակիչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաև հարակից համայնքներում: Փոքր և Մեծ Մանթաշ, Արևշատ և Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս: ««Մենք ջրմուղի համակարգում չենք և կեղտաջուր ենք խմում: Առվից եկող ջուրն ենք խմում: Գյուղի հիմնադրման օրվանից այդ ջուրն ենք խմում: Ջրամբարից այդ ջուրը 10 կիլոմետր է գալիս մինչև մեզ է հասնում: Այդ ձորում անասնահոտեր են լինում: Անասուններն էդ ջրից խմում են, հետո՝ մենք»,- «Փաստի» թղթակցի հետ զրույցում բողոքեց Մեծ Մանթաշի բնակիչ Ստյոպա Չոբանյանը: Այստեղ խմելու ջուրը ստանում են Մանթաշի ջրամբարից: Ջուրը չի քլորացվում և հենց այդպես էլ բնակիչներն օգտվում են այդ ջրից` քայքայելով իրենց առողջությունը: Մանթաշ գետի հովտում գտնվող գյուղի մոտ 2000 բնակիչ պղտոր ջուր է օգտագործում: «Ձմռանը ոչինչ, ջուրը մաքուր է լինում, իսկ ամռանն ահավոր է: Վիճակը չի կարգավորվում, ու մինչև օրս այդ ջուրն ենք խմում: Չորս գյուղ այդ կեղտոտ ջրից է օգտվում»,– դժգոհեցին նրանք: Ստյոպա Չոբանյանը Մեծ Մանթաշի համայնքապետն է եղել: Աշխատանքի ընթացքում խմելու ջրի ներքին ցանց կառուցելու համար որոշակի քայլեր կատարել է: Ջրի ներքին ցանցը կառուցված է, մնում է ջուրը տներ հասցնել: «Այն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանագիր ենք կնքել, ջրագիծը բերել ենք, վերջը ես ուզեցի համայնքին փրկել էդ ջրից, բայց չենք փրկվել: 2,5 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, մնում է այն միացնել, բայց դեռ 4 համայնք շարունակում է կեղտաջուր խմել»,– փոխանցեց Մեծ Մանթաշի նախկին համայնքապետը: Այս տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնվել է, ընդհուպ մինչև վարչապետ, բայց անընդհատ նույն պատասխանն են ստացել՝ խնդիրը կլուծվի: Տարբեր տեղեր ուղարկված գրությունների մի մասն էլ անպատասխան է մնացել: Կեղտաջուրն այդպես էլ մաքուրով չի փոխարինվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր