211652_close_icon
views-count5306 դիտում article-date 10:02 09-01-2018

Հայաստանում նկատվում է սեզոնային գրիպի բռնկում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով և սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ: «Արաբկիր» բժշկական համալիրի օրինակով, շնչառական վարակների բռնկում սկսել է նկատվել նախորդ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսից, իսկ արդեն 2018-ի հունվարի առաջին տասնօրյակում հասել է գագաթնակետին: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե սովորաբար օրական հաստատություն է դիմում 60-80 երեխա, ապա դեկտեմբերի կեսից սկսած այդ թիվը դարձել է 120-150, իսկ վերջին օրերին արդեն մինչև 170-ի: Բուժհաստատություն դիմող բոլոր հիվանդներն, իհարկե, չեն հոսպիտալացվում, այլ միայն նրանցից 15-30-ը: Այդուհանդերձ, «Արաբկիրի» միջանցքներում ծավալված լրացուցիչ մահճակալներ մենք չտեսանք, ինչպիսի պատկեր կարելի էր հանդիպել նախորդ տարիներին: Այստեղ պարզաբանեցին, որ հրաժարվել են հիվանդներին ընդունելու այդ տարբերակից և փորձում են նրանց խտացնել հիվանդասենյակներում՝ ըստ վարակի տեսակների, քանի որ միջանցքներում բուժվող երեխաների հարազատներից դժգոհություններ էին ստանում: «2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա և Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչև մեկ տարեկան երեխաներին, թեև ունենք ծանր դեպքեր նաև մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարոության պատկերով: Երեխաների մեծ մասը ընդունվում են թթվածնային քաղցով: Դա արդեն բարդացած վիճակն է»,- ասաց Գոհար Ձվակերյանը: Նա հավելեց, որ հիվանդների մոտ մեծ քանակություն է կազմում շնչառական վիրուսների այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբերը, աչքի բորբոքումները և այլն: Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատում են ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք իսկապես հոսպիտալացվելու կարիք ունեն, մանավանդ, եթե նրանց որևէ այլ բուժհաստատությունում արդեն մերժել են: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նրա բուժումը կազմակերպվում է տան պայմաններում՝ առանց անհրաժեշտության մահճակալ չզբաղեցնելու նկատառումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր