211652_close_icon
views-count4174 դիտում article-date 09:01 09-01-2018

Կարեն Կարապետյանը կռիվ կգցի՞ ՀՀԿ-ականների մեջ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետևանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի և հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց. «Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր և գումարած նաև 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է և չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետևաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը: Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի և վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է և առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեև հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին: Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերևս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն և հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր