211652_close_icon
views-count85458 դիտում article-date 10:49 04-01-2018

Դատարանը կալանավորել է Եղեգնաձորում «Հայանտառ»-ի աշխատակցին և հյուրանոցի աշխատակցուհուն ծեծի ենթարկողներին, նրանցից մեկը ուզում է «գող» դառնալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանի և 40-ամյա Վահե Բադալյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունըն ու Ֆ. և Վ. Բադալյանները կալանավորվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք այսօր տեղափոխվելու են ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի 888 ՕՕ 81 համարանիշի ավտոմեքենան, որով նրանք դեպքի վայրից դիմել էին փախուստի։ Պարզվել է նաև, որ նրանք ոչ միայն ծեծի են ենթարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցին, այլ նաև Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրի աշխատակցուհուն։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անտառապահին և հյուրանոցային համալիրի աշխատակցուհուն ծեծի ենթարկողները հորեղբոր տղաներ են, իսկ նրանցից մեկն էլ ցանկանում է, որպեսզի «հանցագործ աշխարհում գող կարգվի», սակայն հավանաբար «նրա մուրազը փորում մնա», քանի որ, «ըստ գողական օրենքների», նա գողին ոչ վայել քայլ է կատարել. նախ՝ ձեռք է բարձրացրել կնոջ վրա, (ըստ տեղեկությունների՝ անգամ գցել է գետնին, մազերից բռնելով մի քանի մետր քարշ է տվել) և երկրորդ՝ գլխիկոր, խոնարհ հարսի նման մեղայականով ներկայացել է Ոստիկանություն։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/02/1086075/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հունվարի 1-ին հարուցվել էր քրեական գործ։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել էր, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում իրեն անծանոթ 2 քաղաքացի առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել էին իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի էր ենթարկվել։ Հ. Գալստյանը տեղեկացրել էր նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել էր՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշի (տառերը չէր կարողացել հիշել), ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել էր իր աջ ձեռքին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տվյալներ էին ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել էին նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի, որորդական ողորկափող հրացանը։ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել էին, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն էին Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը։ Ոստիկանների և քննիչների օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Ֆ. և Վ. Բադալյանները ներկայացել էին Եղեգնաձորի ոստիկանություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր