211652_close_icon
views-count84645 դիտում article-date 11:49 30-12-2017

Գավառի մանկատանը տեղի ունեցած ամանորյա հրավառությանը կնախանձեին շատ հայ օլիգարխներ. Ոստիկանության Զորքերի գնդապետը երեխաներին փոխանցեց Վլադիմիր Գասպարյանի ամանորյա ուղերձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավանդույթի համաձայն՝ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի մեծ թվով ծառայողներ՝ զորամասի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ հերթական անգամ ժամանեցին Գավառի մանկատուն։ Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասի հրամանատարը, ով սպասված հյուր է մանկատան տնօրինության և երեխաների համար, դատարկաձեռն չէր այցելել։ Երեխաների համար բերել էին մեծ քանակությամբ սնունդ, հագուստ, կենցաղային իրեր, խաղալիքներ, ամանորյա նվերներ։ Մինչ ճաշարանում կպատրաստվեր սնունդն ու կբացվեին տոնական սեղանները, ոստիկաններն ու երեխաները բակում ֆուտբոլ, թենիս, գործագործ և այլ տիպի խաղեր էին խաղում։ Արդեն դահլիճում երեխաները հերթական անգամ իրենց սիրված հյուրերին ներկայացան Ամանորի տոնական հանդեսով, կենդանի երգ ու պարով, իսկ հետո միջոցառումը շարունակվեց ճաշարանում։ Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդայնը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Մանկատունը միշտ էլ ունենում է հյուրեր, սակայն երեխաները առաջինը սպասում են Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին, Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանին, քանի որ նրանց այցելությունը մանկատուն ամուր հիմքերի վրա է դրված. այն ունի երկար տարիների պատմություն»։ Իսկ երեխաներն էլ ասում էին. «Երեկ մեզ էր այցելել Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Իրենից էլ ենք շնորհակալ, բոլոր հյուրերից էլ շնորհակալ ենք, որ մեզ չեն անտեսում, որ միշտ մեզ այցելում են նվերներով։ Բայց ամենից շատ սիրում ու սպասում ենք Ոստիկանության ծառայողներին, քանի որ իրենք մեզ հետ ֆուտբոլ, բասկետբոլ, գործագործ և այլ տիպի խաղեր են խաղում ու գիտենք, որ նրանց այցելությունը անշահախնդիր է։ Մենք շնորհավորում ենք հայ ազգի և ողջ Ոստիկանության Սուրբ Ծնունդն ու Ամանորը ու վստահորեն ասում ենք՝ ձեր այցելության հիմքում դրված է բարությունը, մարդ մնալու, կարիքավորին սատար կանգնելու սկզբունքը։ Ու շատերս էլ որոշել ենք՝ ապագայում մենք էլ ենք դառնալու ոստիկան, որպեսզի մենք էլ կարողանանք սատար կանգնել կարիքավորին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաներին ոգևորել էր տոնական հրավառությունը։ Նրանք անկեղծորեն ասում էին. «Շատ Նոր Տարիներ ենք տեսել, բայց այս տարվա սալյուտը կյանքում չենք մոռանա։ Սալյուտներ տեսել էինք կինոներից, բայց որ իրականում կտեսնեինք, չէինք հավատում»։ Վերջում Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանը երեխաներին ու մանկատան տնօրինությանը փոխանցեց Վ. Գասպարյանի, Լ. Երանոսյանի ամանորյա ողջույնի խոսքը՝ ցանկանալով երեխաներին բարի ու մաքուր մանկություն։ Իր հերթին՝ մանկատան տնօրեն Ն. Նալբանդյանն էլ իր և երեխաների անունից կրկին անգամ շնորհավորեց ողջ հայ ժողովրդի, Ոստիկանության ղեկավար ու շարքային անձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Վերջում երեխաները, ի պատիվ սահմանն անառիկ պահող հայ զինվորի ու սպայի, երգեցին զինվորներին նվիրված մի քանի երգեր՝ այդ երգերով շնորհավորելով առաջնագծում կանգնած հայոց բանակի զինվորի ու սպայի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մանկատան սաներին այցելած Ձմեռ պապը մանկատան փեսան էր, ով անցյալ տարի ամուսնացավ մանկատան սանուհու հետ։ Մանկատնից դուրս գալուց հետո Ոստիկանության ծառայողները ավանդույթի համաձայն այցելեցին Հայրավանք, որտեղ կատարեցին մոմավառություն և հնչեցրին Տերունական աղոթք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 623+
623+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր