2868 դիտում
19:17 27-12-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:
Նախարարը բարձր գնահատեց Տիրատուր քահանա Սարդարյանի գործունեությունը՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին Սփյուռքում հայապահպանության կարևոր երաշխավորներից է:
Տեր Տիրատուրը նախարարին ներկայացրեց Հայաստանում գտնվելու իրենց առաքելության նպատակը, այն է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Գյումրի քաղաքի 100 ընտանիքի և Տավուշի մարզի Հովք գյուղի անապահով ընտանիքներին աջակցություն տրամադրելը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրեց Սփյուռքի նախարարության՝ սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որի նպատակը հայաստանյան սահմանապահ բնակավայրերի սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական խնդիրների լուծումն է, և նշեց, որ արդեն մի քանի գյուղեր գտել են սփյուռքահայ բարերարներ: Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը ողջունեց նման ծրագրի գաղափարը և պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը բերել այդ աշխատանքներին:
Հոգևոր հովիվը կարևորեց Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումը Գերմանիայում, այս թեմայով ֆորումների, հավաքների կազմակերպումը, որոնք Հայաստանը ճանաչելի կդարձնեն ոչ միայ սփյուռքահայերին, այլև գերմանացի զբոսաշրջիկներին: Այս գործընթացում Տեր Տիրատուրը ընդգծեց հատկապես հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
«2018 թվականի հոկտեմբերին Շտուտգարդում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել «Շնորհակա՛լ եղիր ամեն ինչի համար» խորագրով ցուցահանդես, որով կհայտնենք մեր երախտիքի խոսքը գերմանական այն կազմակերպություններին, ովքեր աջակցել են Հայաստանի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին: Նախատեսում ենք հանդիպել նաև գերմանական զարգացման հիմնադրամների ներկայացուցիչների հետ և ներկայացնել Հայաստանի զարգացման ծրագրերը: Գերմանիայի կառավարությանը հատկապես հետաքրքրում են արևային էներգիայի, էկոտուրիզմի ոլորտները»,-նշեց Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նման նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ այն կարող է դառնալ համաեվրոպական և ընդգրկել Եվրոպայի մի շարք հայկական համայնքներ:
Սփյուռքի նախարարը հյուրի հետ քննարկեց նաև Սփյուռքում հայերենի պահպանության հիմնախնդիրը: Որոշվեց գալիք տարում ստեղծել օտարալեզու հայ երեխաների համար հայոց լեզվի ուսուցողական ձեռնարկ:
Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Տիրատուր քահանա Սարդարյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և շարունակական ազգանվեր գործունեություն:
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
17:10 31-07-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց տեր և տիկին Թաշճեաններին
1899 դիտում
16:12 24-04-2014
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին
1356 դիտում
16:37 08-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին