211652_close_icon
views-count2347 դիտում article-date 17:48 20-12-2017

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից՝ ՄԹ-ի արտաքին հարաբերությունների եւ համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Արա Բաբլոյանն ընդգծել է թե՛ պատգամավորների, թե՛ աշխատակազմի հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող սեմինարների կարեւորությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացմանը եւ վերահսկողական մշակույթի ձեւավորմանը: ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ փաստել է, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող երկրի աջակցությամբ: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, սակայն քայլ առ քայլ առաջ ընթանալով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ մեծ է Հայաստանի հետ համագործակցելու, խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ցանկությունը: Դեսպանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների եւ կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին, կարծիք է հայտնել, որ այն կօգնի աշխատակազմին ավելի արդյունավետ աշխատել եւ կազմակերպել գործունեությունը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ տարիներ հետո ՀՀ Ազգային ժողովն առչնվելու է նույն մարտահրավերներին, ինչ այսօր բրիտանական խորհրդարանը: Դեսպանը կարեւորել է իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե այս կամ այն օրենքի նախագծի հիմքում ինչ արժեքներ են դրված: Ջուդիթ Ֆարնուորթի գնահատմամբ՝ ակնհայտ է առաջընթացը Հայաստանում. դրական ազդակներ են ստացվում, եւ աշխարհում բարձրացել է երկրի վարկանիշը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համագործակցության ծրագրին վերաբերող կազմակերպչական հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր