211652_close_icon
views-count4003 դիտում article-date 16:32 01-12-2017

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նիստին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների ու բաժինների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերն ու հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների ներկայացուցիչները: 2017 թվականի գործունեության ծրագրով նախատեսված և 11 ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում շարունակվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցության բազմաբնույթ ծրագրերը՝ ենթակառուցվածքների մատչելիության, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական և բազմաթիվ այլ ոլորտներում: Քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների ու բաժինների պետերին, ինչպես նաև վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերին առանձին ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու նպատակով տրվել են կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես, ոլորտի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ: Ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո, հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ բոլոր այդ ծրագրերը այս տարի ևս ամբողջությամբ ֆինանսավորվել են համայնքային բյուջեից: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնում, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք ի գիտություն են ընդունվել հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով քաղաքային հանձնաժողովը հաջորդ՝ տարեվերջյան նիստում կքննարկի 2018 թվականի ծրագիրը, և այն կներկայացվի Երևանի քաղաքապետի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր