Կպարզեցվի շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը:
«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»,- ասել է վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև դեկտեմբերի 2-րդ կես համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև՝ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ։