211652_close_icon
views-count2754 դիտում article-date 17:43 07-11-2017

Իգնատի Առաքելյանը բաց դաս է անցկացրել Ի-Վի-Էն գինու ակադեմիայում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա` գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Նախարար Իգնատի Առաքելյանը շրջել է ակադեմիայի լաբորատորիայում, ծանոթացել առկա հզորություններին, այնուհետև բաց դաս է անցկացրել ուսանողների համար, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման համար բերքի որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, կոլեկցիոն այգիների հիմնումը, ինչպես նաև ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության եռամյա հուշագիր: «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի տնօրեն Վարդան Ուռուտյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է հիմնադրամների միջև համատեղ ծրագրերի իրականացում, հիմնականում` կրթության ոլորտում: «Հիմնական ջանքներն ուղղելու ենք որակյալ կադրերի պատրաստմանը, գինեգործների վերապատրաստմանը, գինու զբոսաշրջության զարգացմանը և նմանատիպ այլ ծրագրերի», - հավելել է Վարդան Ուռուտյանը: Անդրադառնալով գինու ակադեմիայի գործունեությանը` Վարդան Ուռուտյանը նշել է, որ ներկայումս այստեղ սովորում է 20 ուսանող, հաջորդ ուսումնական տարում` նրանց թիվը կհասնի 25-ի: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն. «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոլորտում ունենանք բարձրակարգ, որակյալ մասնագետներ, որոնք մեզ հետագայում կօգնեն իրականացնել մեր ծրագրերը»,-մասնավորապես նշել է Զարուհի Մուրադյանը: Ի-վի-էն գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանի խոսքով` Հայաստանում խաղողագործության և գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, ուսանողների հոսքը տարեցտարի ավելանում է, այժմ ակադեմիական դասընթացների համար դիմում են նաև մարդիկ, որոնց սկզբնական կրթությունը գինեգործության հետ չի առնչվում: Արտեմ Պարսեղյանն այստեղ դասավանդում է «Գինու մանրէաբանություն» առարկան: Առաջին մասնագիտությամբ կենսաբան է, գինեգործությունը սովորել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Իր խոսքով` փորձում է ուսանողների համար բացահայտել գինու միկրոաշխարհը: «Իրական գինեգործները մարդիկ չեն, իրական գինեգործները խմորասնկերն են, որոնք խաղողի հյութը վերածում են մեկ այլ ըմպելիքի, որը կոչվում է գինի: Մենք պարզապես փորձում ենք նրանց աշխատանքը կառավարել, որոշ դեպքերում` հետևել և տեսնել, թե դա ինչ արդյունքի կբերի»,- պարզաբանում է Պարսեղյանը: Ի-Վի-Էն գինու ակադեմիան ստեղծվել է 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է ինչպես «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր, այնպես էլ 2-3-օրյա դասընթաց գինու սիրահարների և էնտուզիաստների համար, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի գինիները, հատուկ դասընթաց ունեն հայկական գինիների մասին, սովորեցնում են տիրապետել գինու համտեսման արվեստին, ինչպես նաև տարբերակել գինիների տեսակներն ու որակը: ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամը հավաստագրային ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր