211652_close_icon
views-count3186 դիտում article-date 18:50 30-10-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Լիբանանի նախագահ Միշել Աունը

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։ Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը։ Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։ «Լիբանանահայերը կարևոր դեր են խաղում Լիբանանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում», - ասել է նա: Լիբանանի նախագահը նաև կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ: Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը և ներդրումային հնարավորությունները։ «Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, և մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետ», - հավելել է նախարար Կարայանը: «Մենք համարում ենք, որ Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ և լիբանանցի գործարարների դերը հատկապես կարևոր է այս համագործակցությունը խթանելու գործում», - ասել է նախարար Կարայանը և ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր