4144 դիտում
18:28 13-10-2017
Եվս երկու սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Շիրակի դատախազության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հուսիկ Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Հ. Առաքելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերլիազորն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է: Հ. Առաքելյանը հայտնել է նաև, որ քրեական գործի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչը ևս իրեն համոզել է ընդունել իր կողմից չկատարված հանցանքը` խոստանալով, որ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Հ. Առաքելյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել օպերլիազորի և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Հ. Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազորի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին մեղադրել է իրեն սպանության սպառնալիքներ տալու մեջ: Մասնավորապես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդումներ է տվել, որ դատախազի մոտ ընդունելության ժամանակ վերջինս, գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով ինքը քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Ս. Մխիթարյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ս. Մխիթարյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:
Սուտ մատնության փաստերով հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3662 դիտում
19:53 19-09-2017
Եվս 3 սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ
3769 դիտում
13:20 17-11-2017
Եվս 4 սուտ մատնություն. ՔԿՀ պաշտոնատար անձինք և քննիչները հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»