7755 դիտում
13:23 06-10-2017
Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ ԵԱՏՄ բոլոր երկրների հետ. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը:
Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետը համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է համարել: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրությունը նա հրավիրել է Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա:
«Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ հայաստանյան ներքին շուկա, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Առաջիկայում մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր ունի GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ՝ համապատասխանաբար ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաև այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները»:
Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովին՝ կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել: «Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարևոր բաղադրիչ է, առավել ևս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարևորությունը:
Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», - նշել է վարչապետ Կարապետյանը և բոլորին արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի շրջանակում անցկացվելու են թեմատիկ նիստեր՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և հումանիտար ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու, այս մակարդակում ինտեգրացիոն գործընթացները խթանելու վերաբերյալ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:
Նմանատիպ նյութեր
8824 դիտում
22:39 06-10-2017
«Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ». Կարեն Կարապետյան
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
664 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին