211652_close_icon
views-count2083 դիտում article-date 21:30 05-10-2017

Կառավարության ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով նորանշանակ հանձնակատարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով նորանշանակ հանձնակատար, ՄԹ խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդին: Վարչապետը շնորհավորել է պարոն Փրիթչարդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում նրա գործունեության հետ՝ հայ-բրիտանական առևտրատնտեսական կապերը զարգացնելու և դրանց նոր թափ հաղորդելու առումով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ կա, որը ներկայումս ամբողջությամբ չի օգտագործվում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է իրականացում տնտեսության ու այլ ոլորտներում և ավելացրել, որ մեր երկիրը կարող է բարենպաստ պայմաններ առաջարկել բրիտանական կապիտալին, այդ թվում՝ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու առումով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի կողմից իր պաշտոնի հաստատումը վկայում է բրիտանական կառավարության շահագրգռվածությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստանի հետ առևտրաշրջանառության զարգացման և գործարար կապերի խթանման գործում: ՀՀ-ում ՄԹ առևտրի հարցերով հանձնակատարը նշել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը և իր նպատակն է պաշտոնավարման ընթացքում շոշափելի նյութական արդյունք տեսնել: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրային ռեժիմների բարելավմանը, Երևան-Լոնդոն ավիաչվերթի գործարկման հնարավորությանը, էներգետիկայի, ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր