211652_close_icon
views-count7439 դիտում article-date 10:50 29-09-2017

Միչիգան նահանգի Սենատը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի անկախությունը: Բանաձևում Միչիգանի օրենսդիրները կոչ են անում դաշնային իշխանություններին հաստատել տնտեսական և մշակութային կապեր Արցախի հետ: Բանաձևը Սենատի օրակարգ է ներկայացվել Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից: Այն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Բանաձևի ընդունմանը զգալիորեն նպաստել են Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ կառույցներն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: «Ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել սենատոր Դեյվիդ Քնիզեկին, ինչպես նաև Միչիգանի տեղի Հայ Դատի հանձնախմբին Լառա Ներսիսյանի ղեկավարությամբ, ովքեր շատ մեծ գործ տարան այս բանաձևը ներկայացնելու և ընդունելու հարցում»,- հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի ԱՄՆ-ը Արևելյան ափի գրասենյակի ներկայացուցիչ Արմես Սահակյանը: Փաստաթուղթն անդրադառնում է Արցախի հետ կապված պատմական զարգացումներին: Ըստ բանաձևի, Արցախը խորհրդային առաջնորդ Ստալինի կողմից բռնակցվել է Ադրբեջանին 1921 թվականին, իսկ 1991-92 թվականներին հռչակել անկախություն: Բանաձևում նշվում է, որ Արցախի հայությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ինքնորոշման իրավունքի իրականացմանը, իսկ Արցախի անկախության ճանաչումը հնարավորություն կտա կարգավորելու Արցախյան հակամարտությունը: Բանաձևում ասված է, նաև որ Միչիգանի օրենսդիրներն աջակցում են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ու խաղաղություն հաստատմանը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4048528.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր