Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգի պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ դա պայմանավորված է բանկերի ու համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով ու վարչարարության ձևական պահանջներով:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգերի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Նա հանձնարարեց պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը: