211652_close_icon
views-count7799 դիտում article-date 11:24 16-09-2017

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»

«Մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում», - հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն, տեղեկացնում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/4030909.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը։ Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաեւ Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը եւ Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները: «Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան», - կոնգրեսական Սփիր Կանչելյանը «Ամերիկայի Ձայն»-ին խոստովանում է՝ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում, ինչպես են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, դրանք բազմաթիվ են. «Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռեւս մնացած կոռուպցիայի դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը»: Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակություն. «Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»: Այցի քաղաքական կողմը նույնպես անտեսված չէ. «Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»: ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը, քանի որ այժմ էներգակիրների մատակարարման առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, որն էլ, կոնգրեսականի խոսքով, ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը. «Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան»: Ջեքի Սփիր Կանչելյանն ընդգծում է Հայաստանի հսկայական ներուժը տեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցում եւ ընդգծում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի կոնգրեսականի խոսքով, փայլուն աշխատանքը ուղղված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Միացյալ Նահանգներն իր կողմից պատրաստ է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը. «Մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին»: Հայաստանի մեկ այլ առավելությունն է հայկական Սփյուռքը: Միացյալ Նահանգներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բազմաթիվ հայեր ցանկանում են վերականգնել կապը Հայաստանի հետ եւ կոնգրեսականները Հայաստանում քննարկելու են նաեւ այդ հեռանկարները:

Նմանատիպ նյութեր