211652_close_icon
views-count8706 դիտում article-date 12:05 12-09-2017

Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է օգնել մյուսին՝ նպաստել ընդհանուր գործի կատարմանը. դիրքապահ

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին առաջին անգամ հանդիպեցինք հերթափոխի պարտականություններն առույգորեն կատարելիս: Քանի որ մարտական հերթապահության ժամանակ անձնակազմին արգելվում է զբաղվել այնպիսի գործողություններով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ, նրա հետ զրուցեցինք հանգստի համար տրված ժամանակահատվածում: Հայկ Ռաֆիկի Հակոբյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղի ուսումնարաններից մեկում ուսանել է խոհարարի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին: Ինչպես ավելի ուշ պետք է իր համար Հայկը պարզեր, զինծառայության հետ ոչ մի առնչություն չունեցող մասնագիտություններն էլ են երբեմն օգտակար լինում առաջադրված խնդիրների կատարմանը: Հայտնի է, որ դիրքերում զինծառայողները հնարավորություն ունեն ինքնուրույն՝ իրենց ճաշակով ու հայեցողությամբ պատրաստել տրված ուտելիքը` իհարկե չխախտելով սահմանված կարգը: Ճիշտ է, մեր այցելած բոլոր դիրքերում տղաները նման խնդիր չունեին, սակայն այն հանգամանքը, որ իրենց մեջ կերակուրներ պատրաստող հմուտ մասնագետ կա, լուծված է համարվում դիրքապահների համար ևս մեկ կենցաղային կարևոր հարց: Մեր այն հարցին` թե արդյոք իր մասնագիտությունն օգնո՞ւմ է դիրքերում մարտական հերթապահության հավուր պատշաճի կազմակերպմանը, պատասխանում է. «Այո, աշխատանքի բաժանումը միշտ էլ դրականորեն է անդրադառնում մարտական հերթապահության վրա, և ես ուրախությամբ եմ զինվորների համար կերակուր պատրաստում, նրանց ցույց տալիս խոհարարական գաղտնիքները: Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է մյուսին օգնել, նպաստել ընդհանուր գործի կատարմանը»: Շուրջ 1,5 տարի է, ինչ Հայկը ծառայում է Պաշտպանության բանակի գնդապետ Կ. Շաքարյանի հրամանատարությամբ գործող զորամասում և այս ընթացքում կարողացել է ոչ միայն հմտանալ դիրքապահի սրբազան պարտականությունների կատարման գործում, այլև ձեռք է բերել իսկական տղամարդուն բնորոշ հատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդու պետք են ողջ կյանքի ընթացքում: Դա հնարավոր է դարձել հետևողական աշխատանքի և ամուր կամքի ցուցաբերման արդյունքում: «Անմիջական հրամանատարությունը մշտապես և բոլոր հարցերում պատրաստակամ է զինծառայողներին օգնելու: Մեզ` զինծառայողներիս համար դա անչափ կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ունակություններ ձեռք բերելու համար, որն ինքնին կարևոր է, այլև բարոյակամային և բարոյահոգեբանական ամուր ոգի ձևավորելու համար: Միայն այս երկու որակների համատեղությամբ կարող է զինծառայողը կատարել իրեն առաջադրված բոլոր խնդիրները,- նշում է շարքային Հայկ Հակոբյանը` հավելելով,- մեր հրամանատարներն անձնական օրինակով ու ցուցաբերած վերաբերմունքով կարողանում են լավագույն հատկանիշներ ձևավորել զինծառայողների մեջ, ինչը յուրաքանչյուրի և ընդհանուրի հաջողության գրավականն է՚: Հերթափոխի պարտականությունների կատարման ընթացքում շարքային Հայկ Հակոբյանը կարևորում է կացարանի և հարակից տարածքի անընդհատ դիտարկումը, կողմնորոշիչների, հակառակորդի հավանական գործողությունների ուղղության, դասավորվածության և այլ կարևոր տվյալների իմացությունը: «Դա առաջին հերթին անհրաժեշտ է հարկ եղած դեպքում պաշտպանության կազմակերպման համար, որը նպատակ ունի կասեցնել հակառակորդի հարձակումը, առավելագույն կորուստ պատճառել նրան, պահել տեղանքը և պայմաններ ստեղծել վճռական հարձակման անցնելու համար՚: Ինչ վերաբերում է հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն, որի համար տղաներն օր ու գիշեր կանգնած են դիրքերում, ապա այս հարցում նա կարևորում է զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը, քանի որ միայն այս համալիր գործողությունների արդյունքում կարող են ժամանակին նկատել հակառակորդի կողմից իրականացվող քայլերը, ի պատասխան օգտագործելով մասնագիտական պատրաստվածությունը` կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և հասնել ցանկալի արդյունքի: Իսկ որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում այս ամենը կարևոր նշանակություն ունի, կասկածից վեր է:

Նմանատիպ նյութեր