211652_close_icon
views-count2791 դիտում article-date 20:45 11-09-2017

«Մերձավոր Արևելքի երկրներն ու ժողովուրդները մշտապես իմ աղոթքների մեջ են». Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հոգևոր առաջնորդներին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչիին և Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին` ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ավագ արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատկառելի պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով նրանց` Հայաստան այցի կապակցությամբ և ներկայացնելով նրանց տպավորությունները հոգևոր կյանքում վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ: Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Հայոց Հովվապետը` ընդգծելով, որ Մերձավոր Արևելքի երկրներն ու ժողովուրդները մշտապես իր աղոթքների մեջ են: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ, հետևելով զարգացումներին, մեծ ցավ է ապրում` հաղորդ դառնալով բախումների հետևանքով մարդկային կորուստներին և պատճառված ավերածություններին, կրոնական անհանդուրժողականության դրսևորումներին: Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազում ողբերգություններ, ավերածություններ և կոտորածներ է տեսել, սակայն հավատքով հաղթահարել է իր կյանքի բոլոր մահերը և հարություն առել Քրիստոսի հավատքով: Գարեգին Բ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Աստծու օրհնությամբ և օժանդակությամբ Իրաքի ժողովրդի ամուր, հաստատուն կամքով կհաղթահարվեն բոլոր դժվարությունները և կվերադառնան Իրաքի փառքի օրերը, խաղաղ և երջանիկ կյանքը: Այս մաղթանքով Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց հոգևոր եղբայրներին ի Քրիստոս, որ շարունակում են մնալ իրենց հավատավոր հոտի կողքին` հույսով և հավատով լցնելով նրանց կյանքը դեպի վաղվա օրը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև հայ և արաբ ժողովուրդների միջև առկա դարավոր եղբայրական հարաբերություններին, հաշտ և համերաշխ գոյակցությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում Եկեղեցիների և այլ կրոնական հարանվանությունների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ կապերին: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը իր շնորհակալական խոսքն ուղղեց Իրաքի իշխանություններին ի դեմս հանդիպմանը ներկա նախարար Քաչաչիի` հայ համայնքին և թեմին ցուցաբերվող մշտական աջակցության և զորակցության համար: Նորին Սրբությունը նաև գնահատանք հայտնեց Ավագ Սրբազանին գեղեցիկ նախաձեռնության համար` հավելելով, որ նման այցերն ու մեկտեղումները զորացնում են միմյանց: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված ամուր, անսասան և օրհնյալ պահի եղբայրական կապերն ու գործակցությունը Քրիստոնեական Եկեղեցիների և այլ կրոնների միջև: Զրույցի ընթացքում հանդիպման համար իր շնորհակալությունը հայտնեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչին` փոխանցելով նաև Իրաքի պետության ջերմ ողջույնները և Իրաք այցելելու հրավերը: Նախարարն իր խոսքում անդրադարձ կատարեց պետության հետ կրոնական համայնքների կապերի և գործակցության, ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերականգնողական ու կառուցողական աշխատանքների և ցուցաբերվող զորակցության մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ այսօրվա պայմաններում հոգատար վերաբերմունքը համայնքների նկատմամբ առավել չափով կարևոր է: Մուսուլի, Քերքուկի և Քրդական մարզի Ասորի Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Նիկոդիմոս արքեպիսկոպոս Տաուտ Շարաֆը, Իրաքի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ժան արքեպիսկոպոս Բենիամին Սուլէյմանը, Իրաքի Կաթոլիկ Ասորի Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ Յուսուֆ արքեպիսկոպոսը, Երիցական Եկեղեցու երեց Յուսուֆ Ջեմիլ Էլ-Սագգան ևս իրենց սրտի խոսքն ուղղեցին Ամենայն Հայոց Հայրապետին` հանգամանորեն ներկայացնելով Իրաքում տիրող դժվարին իրավիճակը, քրիստոնեական համայնքների դիմագրաված մարտահրավերները: Հոգևոր առաջնորդները հայցեցին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքները Իրաքում խաղաղության վերհաստատման համար: Հանդիպմանը ներկա էր Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր