211652_close_icon
views-count2456 դիտում article-date 21:15 08-09-2017

ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորությամբ: Հյուրերը նախարարին ներկայացրել են ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Սիլվի Բոսութղոյին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ և ՀԲ 25-ամյա համագործակցությունը նրա ղեկավարման օրոք ևս հաջողությամբ կշարունակվի և առավել կընդլայնվի: Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ինքը շահագրգռված է ընթացիկ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և նոր նախագծերի համատեղ մշակմամբ: ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շեշտել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում հաջող համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի հաջող իրագործման համար` նա նշել է, որ անձամբ է այդ ճանապարհներին ականատես եղել կատարված աշխատանքների բարձր որակին: Մերսի Տեմբոնը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության և ՀԲ-ի առաջնահերթությունները համընկնում են, և Հայաստանը գնում է տնտեսության թվայնացման ճանապարհով: Սիլվի Բոսութղոն էլ հայտնել է, որ ՀԲ-ն պատրաստվում է Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր կազմել, որը հիմնվելու է երկրի տնտեսության ախտորոշման վրա` հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարելի է նպաստել զարգացմանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր