211652_close_icon
views-count6562 դիտում article-date 00:02 24-08-2017

Լեւոն Ջուլֆալակյան. Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզից վերադարձավ Երևան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց արդյունքները: «Մասնակցությունը գերազանց էր՝ աշխարհի երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ եղան, որոնց վրա պետք է աշխատել: Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ երևում էր: Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում և շատ մոտ էր լինում մեդալներին: Որոշեցինք, որ 80 կգ քաշային կարգում նրան փորձելն ավելի ճիշտ կլինի: Ու այդպես էլ եղավ: Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հաջորդն էլ նրանն էր: Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի գոտեմարտից: Նրանից ես մեդալ էի սպասում: Նա արժանի էր և պատրաստ էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորումը ճիշտ չարեց: 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ երիտասարդ է, որին մասնակցության հնարավորություն էր տրվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը լավ մասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը տարիներ շարունակ փորձում ենք փոխել: Ցավոք, նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, հաջողություններ կունենա», - ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Նմանատիպ նյութեր