211652_close_icon
views-count3962 դիտում article-date 21:05 23-08-2017

Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 23-ին, Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի, Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար և շնորհակալ եմ հրավերի համար: Իսկապես, մենք մի քանի օրից նշելու ենք Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Հետագա տարիները դարձան մեր միջպետական հարաբերությունների զարգացման ակտիվ շրջան: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այս ամենին, իհարկե, նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցերը: Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկվայում եղել պաշտոնական այցով, մեր խորհրդարանի նախագահը, վարչապետը: Աշնանը մենք Հայաստանում սպասում ենք Ռուսաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, նախարար Մանտուրովին՝ գործարարների և պետկառավարիչների մեծ պատվիրակության կազմում՝ Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում: Բառացիորեն օրեր առաջ կայացան երեք կարևորագույն երկկողմ հանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և խորհրդարանական համագործակցության: Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը: Շատ կարևոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով, միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 13 քաղաքներում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր